Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամպուտինականություն՝ նոր վարդապետություն

Թրամպուտինականություն՝ նոր վարդապետություն
26.11.2016 | 13:57

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն ընդհանուր հայացք ունեն աշխարհին՝ պայքար իսլամիզմի դեմ, բանակների գերակայություն, կենտրոնացում ազգայնականության վրա, նախախնամության ուղարկած մարդու պաշտամունք: Մենք վկա ենք նոր վարդապետությա՞ն՝ թրամպուտինականության ծագմանը, որ գոյություն կունենա մինչև առճակատում՝ գրում է Ֆրեդերիկ Կոլերը Le Temps-ում:


2016-ի ապրիլի 27-ին Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ Վաշինգտոնում ու շարադրեց իր արտաքին քաղաքականությունը՝ անդրադառնալով պատմության հարցերին և աշխարհում ԱՄՆ-ի տեղին: Իր պատմությունը նա ձևակերպեց՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը առաջին անգամ աշխարհը փրկել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երկրորդ անգամ՝ կործանելով կոմունիզմը: Այդ պատճառով է ԱՄՆ-ը եղել մեծ տերություն: Հետո ԱՄՆ-ը շեղվել է ճանապարհից՝ ցանկանալով արտահանել իր արևմտյան ժողովրդավարությունը: Բացի այդ՝ քաոս է ստեղծել Մերձավոր Արևելքում: Ֆինանսական առումով դա շատ թանկ նստեց: ԱՄՆ-ը վարկաբեկել է ինքն իրեն՝ կտրվելով իր բարեկամներից (նշվել են Մուբարաքի Եգիպտոսն ու Իսրայելը) և փոխզիջումների գնալով իր թշնամիների հետ (Չինաստան, Իրան, Կուբա): Արդյունքը՝ դեռ երբեք երկիրն այդքան թույլ չի եղել:


Դոնալդ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ին վերադարձնել իր մեծությունը: Նրա սառը պատերազմը փիլիսոփայական կռիվ է արմատական իսլամի դեմ: Ադ նպատակը (քրիստոնյաների պաշտպանությունը) պետք է որոշիչ դառնա այս կամ այն ալյանսների համար: Այդ պայքարում Ռուսաստանը լավ կողմում է: Մեծ և վստահության արժանի դառնալու համար ԱՄՆ-ը պետք է ապառազմականացվի: ԱՄՆ-ի նոր վերելքի ծրագիրը պետք է ներառի ռազմարդյունաբերական լոբբիի հաղթական վերադարձը իբրև տնտեսության շարժիչ ուժ: Իսկ դաշնակիցները, որ օգուտ էին ստանում ԱՄՆ պաշտպանությունից (ՆԱՏՕ, Արևելյան Ասիա), վերջնահաշիվ են ստանալու: Հետայսու, շարունակում է Թրամփը, միայն ամերիկյան կանոններով է երկիրը կառավարվելու և դա լավ է խաղաղության հաստատման համար: Ավարտենք «համամարդկային արժեքների» և «գլոբալացման կեղծ երաժշտության» պատմությունը: «Ազգային պետությունը երջանկություն ու ներդաշնակություն կառուցելու հիմքն է: Ես հոռետեսորեն եմ վերաբերվում միջազգային դաշինքներին, որ թուլացնում են ԱՄՆ-ը»՝ հայտարարում է Դոնալդ Թրամփը:


Ոչճշմարտություններով լի (սկսելով հիմնարար պոստուլատից՝ նացիզմին հաղթել է ոչ թե ԱՄՆ-ը, այլ՝ դաշնակիցները, իսկ կոմունիզմն ինքն է փլուզվել)՝ այս ելույթը նվազ ապշեցուցիչ չէ մեկ այլ որակով՝ այդ ելույթը պիտի Վլադիմիր Պուտինն ունենար: Վլադիմիր Պուտինը, բնականաբար, երբեք ԱՄՆ-ի նախագահ չի լինի: Բայց նա ամբողջությամբ կիսում է աշխարհի այն պատկերը, որ նկարում է Դոնալդ Թրամփը: Նույն թշնամին (իսլամը), նույն անվստահությունը (գլոբալացմանը), նույն քամահրանքը (Եվրամիությանը և համամարդկային արժեքներին), նույն համոզմունքը (ազգային պետությունը իբրև լեգիտիմության միակ աղբյուր և բանակն իբրև մեծության հիմք), գործողությունները որոշող նույն պոստուլատը՝ հենվել ուժերի հարաբերակցության վրա: Եվ ամեն ինչ հանուն խաղաղության:


Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն ասել ու կրկնել են՝ նրանք գնահատում են մեկմեկու: Միլիարդատիրոջը և գաղտնի գործակալին հարազատացնում է նույն պաշտամունքը՝ նախախնամության ուղարկած մարդու, որ պետք է փրկի իր ժողովրդին: Ոչ մեկը, ոչ մյուսը գաղափարախոս չեն: Սակայն այս հանդիպումը, որ կարող էր ինչ-որ տասնամյակ առաջ բացարձակապես անհնար լինել, կարող է նշանավորել նոր աշխարհաքաղաքական վարդապետության՝ թրամպուտինականության ծնունդը: Մինչև այն գեղեցիկ օրը, երբ Դոնալդի «մեծ ԱՄՆ-ը» և Վլադիմիրի «մեծ Ռուսաստան» կոնֆլիկտի մեջ մտնեն:


Ֆրեդերիկ ԿՈԼԵՐ, Le Temps
Հ.Գ. 2016-ի ապրիլի 27-ին Վաշինգտոնում ելույթ էր ունենում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Աշխարհի հույսը նրա կերպարանափոխության վրա է՝ ԱՄՆ նախագահը չի կարող վարել այն քաղաքականությունը, ինչ հայտարարել է նախագահի հանրապետական թեկնածուն: Իսկ եթե վարի՞: Իմպիչմենտի՞ է հասնելու, թե՞ ԱՄՆ ժողովուրդը համամիտ է նրա տեսակետներին: Հիլարի Քլինթոնի կողմնակիցները համառորեն նրան համոզում են դատարանում վիճարկել երեք նահանգների ընտրությունը, որոնք հաղթանակ են բերել Դոնալդ Թրամփին՝ համոզված, որ սխալ հաշվարկ է կատարվել, բայց Հիլարի Քլինթոնը չի հավատում հաջողությանը: Գուցե նա ավելի լա՞վ է ճանաչում ԱՄՆ-ը: Իսկ Պուտինի և Թրամփի տեսակետների նույնականությունը, իսկապես, կտևի մինչև առաջին կոնֆլիկտը: Հուսանք, որ շուտ չի լինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ